Նորություններ
ՀՕ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
08/03/2021
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հակիրճ բովանդակությունը
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝
1) 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն. դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ՝
ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,
բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով, որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն,
2) 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով,
3) անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը,
4) 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս,
5) նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս,
6) շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝
ա. 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ,
բ. 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները,
գ. 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը,
դ. 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ,
7) շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն. դրամ,
8) 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ:
Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Աղբյուրը՝ https://www.e-draft.am
Ժամանակահատված | Եկամտային հարկի դրույքաչափը |
2019 թվականի հուլիսի 1-ից | 23 տոկոս |
2020 թվականի հունվարի 1-ից | 22 տոկոս |
2021 թվականի հունվարի 1-ից | 21 տոկոս |
2022 թվականի հունվարի 1-ից | 20.5 տոկոս |
2023 թվականի հունվարի 1-ից | 20 տոկոս |