Նորություններ

ՆԱԽԱԳԻԾ ԴԱՅԱԿՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

08/03/2021

ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Նախագծի նպատակը «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝  ֆիզիկական անձանց (դայակների) համար հարկային արտոնություն սահմանելն է:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 38-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«38) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի հուլիսի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 

Հոդված 3. 2018 թվականի հուլիսի 7-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտված անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարները ենթակա են վերադարձման՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Աղբյուրը՝ https://www.e-draft.am